Արևի Խավարումը տարբեր մշակույթներում․ վախ, սեր և աստվածներ
- 99 Pawr
- Apr 20
- 5 min read

Արևի և Լուսնի խավարումները նկարագրվել են գրեթե բոլոր մշակույթներում։ Այն մշակույթներում, որտեղ բացակայում էր աստղագիտական բացատրությունը, խավարումները հաճախ վերագրվում էին գերբնական ուժերին կամ համարվում էին վատ նշան՝ ճակատագրի զգուշացում կամ աստվածների զայրույթի դրսևորում։
Eclipse անգլերեն բառը ծագում է հունարեն «ekleípō» բառից, որը նշանակում է «անհետացում», «լքվածություն»։ Արևի խավարումն այն պահն է, երբ արևը կարծես «անհետանում է»՝ լքելով աշխարհը։ Շատ հին ազգեր այն նմանեցնում էին աստծո կողմից լքված լինելու զգացողությանը։
Հին հույները, օրինակ, արևի խավարումը դիտում էին որպես լքման ակտ, սարսափելի ճգնաժամ և էկզիստենցիալ վտանգ։ Այդ պահերը նրանց համար նշան էին, որ թագավորը գահընկեց կլինի, սարսափելի դժբախտություններ կիջնեն աշխարհի վրա, կամ դևերը կուլ կտան արևը՝ խաթարելով հավասարակշռությունը։
Սակայն ոչ բոլոր մշակույթներն էին խավարումը ընկալում որպես սպառնալիք։ Ոմանց համար դա արարման ակտ էր․ արևն ու լուսինը միանում էին՝ նոր աստղեր կամ երկնային արարածներ ստեղծելու համար։ Մյուսների համար խավարումը չարաճճի տղայի կամ խաբեբայի՝ անպատասխանատու արարքների հետևանք էր, իսկ որոշ մշակույթներում այն ընկալվում էր որպես սիրային ակնթարթ։
Արևի խավարումների մասին առասպելները դասակարգվում են չորս հիմնական ժանրի՝
Արևի աստվածը զայրանում է, տխրում է կամ մոռանում է իր դերի մասին. նրա մռայլությունը խորհրդանշում է ներքին ճգնաժամ։
Երկնային արարածը՝ սովորաբար հրեշը, փորձում է ոչնչացնել կամ կուլ տալ արևը։
Արևը կռվում է իր սիրեցյալի՝ Լուսնի հետ, ու նրանց վեճը դառնում է տեսանելի խավարում։
Արևն ու Լուսինը սիրով են զբաղվում՝ այդ պահի համար թաքնվելով մթության մեջ։
Խավարումների վերաբերյալ պատմությունները մարդկային էության արտացոլումն են՝ վախերի, սիրո, զոհաբերության և զվարճանքի արտահայտություններ։ Յուրաքանչյուր մշակույթ խավարումը ընկալել է իր հոգևոր պատկերացումների շրջանակում՝ փորձելով հասկանալ այն՝ ինչ իրականում դեռ հասու չէր գիտությանը։
Աստվածների զայրույթը՝ որպես վերին արդարություն
Արևի անհետացումը՝ որպես երկնային դատաստան, մարդկանց դրդել է մտորելու իրենց արարքների մասին։ Խավարումը դառնում էր աստվածային նախազգուշացում կամ պատիժ, որը չէր կարելի անտեսել։ Իրար հաջորդող պատմություններում խավարումը կապվում էր զղջման, զոհաբերության և փոխհատուցման գաղափարի հետ։ Որպեսզի արևը վերադառնար, պետք էր մաքրվել մեղքերից՝ բառացիորեն «բերելով զոհ»։
Տրանսիլվանիայում մարդիկ հավատում էին, որ արևը «նեղանում է» մարդկանցից իրենց գործած մեղքերի համար և «շրջում է երեսը»
Ինկերի համար խավարումը նշան էր, որ արևի աստված Ինտին զայրացած է, և պետք է զոհաբերություններ անել։
Տևա ցեղի հնդկացիների մոտ խավարումը նշանակում էր, որ արևը զայրացած է, լքում է երկինքը և գնում է ստորերկրյա իր տուն։
Ացտեկ քրմերը կանխատեսում էին, որ եթե 4 Օլին ամսաթվի օրը տեղի ունենա արևի խավարում և միաժամանակ երկրաշարժ, ապա աշխարհը կավարտվի։ Այդ օրը նրանք զոհաբերում էին մարդկանց՝ խուսափելու վախեցնող ճակատագրից։ Այլ օրերին էլ խավարումներին ուղեկցում էին զոհաբերություններ։ Ըստ որոշ աղբյուրների՝ զոհաբերվում էին բաց մաշկ ունեցող գերիներ՝ աստվածներին խաղաղեցնելու նպատակով:

Հույները կարծում էին, որ խավարումը նշանակում է, որ աստվածները պատրաստվում են պատժել թագավորին, ուստի խավարումից առաջ թագավոր էին նշանակում բանտարկյալների կամ գյուղացիների, որպեսզի իրական թագավորը փրկվի։ Խավարումից հետո այդ «փոխարինող թագավորը» մահապատժի էր ենթարկվում։
Երկնային արարածը կուլ է տալիս արևը
Շատ ազգերի դիցաբանությունում խավարումը ներկայացվում է որպես արևի ու լուսնի դեմ կատարվող գրոհ։ Վիշապներ, գորտեր, գայլեր, օձեր ու նույնիսկ սկյուռներ են դառնում խավարումների գլխավոր հերոսները՝ փորձում կուլ տալ երկնային լուսատուներին։ Թմբուկների, աղմուկի ու աղոթքների միջոցով մարդիկ միավորվում էին այդ թշնամու դեմ՝ պաշտպանելու իրենց կյանքի լույսը։

Հին Չինաստանում արևային և լուսնային խավարումները համարվում էին երկնային նշաններ, որոնք կանխատեսում էին կայսրի ապագան։ Խավարումների կանխատեսումը համարվում էր չափազանց կարևոր պետական խնդիր։ Արևի խավարման համար օգտագործվող ամենահին բառը՝ «shih», նշանակում է «ուտել»։ Ըստ լեգենդի՝ արևին կուլ է տալիս վիշապը։ Սովորություն էր խավարումների ժամանակ թմբուկներ և կաթսաներ ծեծել, բարձր աղմուկ անել՝ վիշապին վախեցնելու և քշելու համար։
Հնում հայերը նույնպես հավատացած են եղել, որ վիշապն է կուլ տվել արեգակին:
Վիետնամում մի հին լեգենդի համաձայն՝ հսկայական մի գորտ կուլ է տալիս Արեգակը՝ մթության մեջ թողնելով երկինքն ու երկիրը։ Սակայն նրա տերը՝ Հանհին, ի վերջո համոզում է գորտին ետ վերադարձնել Արեգակը՝ վերականգնելով լույսն ու կյանքի բնական հոսքը։
Ջավայական (ներկայիս Ինդոնեզիայի Ջավա կղզու) դիցաբանության մեջ մթության աստված Բատարա Կալան է կուլ տալիս Արեգակը։ Գյուղացիները փորձում են համոզել նրան ազատել Արեգակին՝ զոհաբերություններ կատարելով և թմբուկներ հնչեցնելով։
Անդյան դարաշրջանի առասպելներում պուման է կուլ տալիս Արեգակը։ Որպեսզի կանխեն նրա մահը, պումային պետք է վախեցնել երեխաների ճիչերով ու կենդանիների ձայներով։
Չոկտոու ցեղի լեգենդում սև սկյուռն է ծամում Արեգակը։
Ամերիկայի հյուսիսարևմտյան կողմում, Պոմո ժողովրդի մոտ արեգակնային խավարումը կոչվում է «Արջը կծել է արեգակը»։ Ըստ նրանց պատմության՝ մի արջ քայլում է Ծիր Կաթինի ճանապարհով ու հանդիպում Արեգակին։ Նրանք վիճում են՝ ով է ճանապարհ տալու, և այդ վեճն է վերածվում խավարման։
Կանադայի արևմտյան ափին բնակվող Կվակյուտլ ժողովրդի ավանդական հավատով՝ երկնային էակը կուլ է տալիս Լուսինը, Հարավսլավիայում՝ մարդագայլը, իսկ Սիբիրում՝ վամպիրը։
Հին Եգիպտոսում Ապեպ անունով քաոսի և մահվան օձը փորձում էր հասնել արևի աստված Ռայի երկնանավին՝ կուլ տալու համար արևի սկավառակը։ Բայց ի վերջո Ռան միշտ հաղթում էր, և արևը վերադարձնում էր երկինք։

Հնդկաստանում Ռահուն՝ առանց գլխի անմահ կիսաստված էր, ով անվերջ հետապնդում էր արևին ու լուսինին։ Չնայած երբեմն նրան հաջողվում էր կուլ տալ նրանց, բայց նա չէր կարողանում երկար պահել կոկորդում, և արևն ու լուսինը դուրս էին պրծնում և վերադառնում երկինք:

Նորվեգական դիցաբանության մեջ Հատի և Սկոլ անունով երկնային գայլերը մշտապես հետապնդում էին արևին ու լուսնին։ Վերջնական օրը՝ Ռագնարյոկին, նրանք պիտի կուլ տան իրենց որսին՝ մթության մեջ խորտակելով աշխարհը։
Այս դրվագներում կարևոր է ոչ միայն արևի փրկությունը, այլև մարդկության համախմբման ակտը։ Անդյան մշակույթում երեխաների ձայները, Չինաստանում՝ թմբուկների զարկերը, Վիետնամում՝ տիրոջ հորդորները՝ բոլորը ցույց են տալիս, թե ինչպես է մարդը դառնում արևի դաշնակիցը՝ ճակատագրի դեմ։
Երկնային զույգի դրաման
Իսկ որոշ ազգեր խավարումը պարզապես մարդկային հարաբերությունների արտացոլանք էին համարում։ Սեր, բաժանում, վեճ, հաշտություն կամ վերամիավորում. այս ընկալումները, ի տարբերություն նախորդների, խաղաղեցնող են։ Դրանցում խավարումը սարսափելի չէ, այլ բնական։ Ինչպես մարդն ունի իր դժվար պահերը, այդպես էլ արևն ու լուսինը՝ որպես աստվածներ կամ հոգևոր արարածներ։
Ավստրալայի որոշ աբորիգենների մոտ խավարումը նշանակում էր, որ արևն ու լուսինը երեխաներ են ունենում՝ այն աստղերն ու մոլորակները, որոնք երևում են խավարի ժամանակ։
Գերմանական դիցաբանության մեջ Արեգակը ներկայացված է որպես կրակոտ կին, իսկ Լուսինը՝ որպես սառը տղամարդ: Արեգակը կառավարում է օրը, իսկ Լուսինը՝ գիշերը: Լուսինը, ցանկանալով ընկերակցություն, ձգտում է դեպի Արեգակը և նրանք միանում են՝ առաջացնելով արեգակնային խավարում:
Բատամալիբա ժողովուրդը (Տոգո և Բենին) հավատում էր, որ խավարումը նշան է արևի ու լուսնի միջև կռվի։ Մարդիկ այդ ժամանակ մոտենում էին միմյանց, հաշտվում, հին վեճերը թողնում անցյալում՝ խաղաղություն բերելու երկնային զույգին։
Ինուիտների մոտ արևն ու լուսինը քույր և եղբայր էին։ Աշխարհի սկզբում նրանք վիճեցին, և արևի աստվածուհի Մալինան հեռացավ եղբորից՝ լուսնի աստված Աննինգանից։ Երբ նա երբեմն հասնում էր նրան, խավարում էր լինում։
Կալինա ժողովուրդը (Սուրինամ) նույնպես լուսինն ու արևը պատկերացնում էր որպես քույր ու եղբայր, սակայն նրանց պատմությունն ավելի բուռն էր։ Խավարումը նշանակել է, որ մեկը մյուսին «ներքև է նետել»։
Ոչինչ այդքան լուրջ ու սարսափելի չէ
Երբեմն խավարումը տեղի է ունենում ոչ թե աստվածների զայրույթից կամ դևերի հարձակման պատճառով։ Ուղղակի ինչ-որ մեկը որոշել է կատակել։
Հին Պարսկաստանում խավարումները պատահում էին, երբ Փերին (հեթիաթային թևավոր ոգին) որոշում էր արևը ծածկել պարզապես զվարճանալու համար։
Մի քանի հյուսիսամերիկյան ցեղերի մոտ (Կրի, Չոկտոու, Մենոմինի) լեգենդ կար, որ մի տղա արևը փաթաթել է ցանցի մեջ՝ վրեժ լուծելու համար, քանի որ արևը այրել էր նրան։ Միայն այն բանից հետո, երբ կենդանիներն էին կրծում ու ազատում արևը, նա վերադառնում էր։
Արևի խավարումը տարբեր մշակույթներում և կրոններում աստվածային կամ բնության անզուսպ ուժի խորհրդանիշ է։ Խավարումը, իր կախարդական և անընդհատ փայլող ուժով, հիշեցում է, որ յուրաքանչյուր մթություն ունի իր վերջը։
Երբ հաջորդ անգամ երկնքում ականատես լինեք արևի խավարման, հիշեք, որ այդ պահին մենք բոլորս մեկ մարմին ենք, որը տեսնում է այս գեղեցիկ ու վախեցնող երևույթը, որը միաժամանակ միավորում է մեզ պատմության ու մշակույթի միջոցով։
Comments